Մենյու

Մակուլատուրա


Թղթի կրկնակի կիրառման բազմապիսի տարբերակներ կան՝ սկսած փաթեթավորման թղթից մինչև գրիչ ու նոթատետր: Սակայն մեր ընկերությունը հիմնականում զբաղվում է ստվարաթղթի և ձվաբնիկի արտադրությամբ:

Թղթի արդյունաբերության ընթացքում օդ և ջուր է արտամղվում գերտոքսիկ նյութեր, ինչպիսին են տոլուոլը, մեթանոլը, քլորի երկօքսիդը, ֆորմալդեհիդը և աղաթթուն: Իհարկե, թղթի վերամշակման մեջ նույնպես կիրառվում են քիմիական նյութեր և սպիտակեցնող նյութեր, սակայն ավելի քիչ քանակությամբ: ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պաշտշանության գործակալության գնահատմամբ` մակուլատուրայի վերամշակման ընթացքում ջրի աղտոտումը նվազում է 35%-ով, իսկ օդի աղտոտումը՝ 74%-ով:

Սկսել ենք աշխատել 2007 թվականից: Գիտակցելով թղթի վերամշակման անհրաժեշտությունը՝ զարգացրեցինք թղթի վերամշակման արտադրությունը: Ընկերությունն ունի ժամանակակից սարքավորոււմներ, որոնք ապահովում են արտադրության ողջ ցիկլը:

Միջինում 1կգ վերամշակված արտադրանք ստանալու համար անհրաժեշտ է 1,5 կգ գնված բազմապիսի թղթի թափոն: Ցավոք թղթի և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը հաստատություններում և անհատների մոտ հազվադեպ է հանդիպում: Հայաստանի փողոցներում թղթի թափոնի համար նախատեսված արկղերի տեղադրումը և դրանց պատշաճ սպասարկումը դեռ երազանք է, սակայն անհրաժեշտ է չմոռանալ մեկ փաստ. մոտ 1 տոննա թերթի վերամշակումը թույլ է տալիս խնայել նոր թղթի ստեղծման համար անհրաժեշտ 1 տոննա ծառ, իսկ օգտագործված տպագրական կամ պատճենահանման թղթի վերամշակումը խնայում է առավել քան 2 տոննա փայտանյութ:

Մենք ընդունում ենք գրքեր, տետրեր, արխիվային նութեր, ամսագրեր, որն օգտագործում ենք ձվաբնիկի արտադրության համար: Թղթի թափոնների հումքը գնում ենք դպրոցներից, տարբեր հաստատություններից և անհատներից: Սպիտակ և թարմ թուղթը ավելի է գնահատվում, քան հին գրքերը, քանի որ դեղնած թուղթը կորցրած է լինում որոշակի հատկություններ, որոնք թույլ կտան ստանալ որակյալ վերամշակված արտադրանք:

Անանիա Շիրակացու անվան ճեմարանն արդեն 15 տարուց ավելի իր օրինակով թղթի նկատմամբ հարգանք է սերմանում աշակերտների շրջանում: «Մեր բոլոր դասարաններում դրված են արկղեր, որտեղ հավաքվում է օգտագործված թուղթը, իսկ արկղերը լցվելուց հետո թուղթը հանձնում ենք տնտեսական մաս: Այստեղից արդեն օգտագործված թուղթը հանձնում ենք վերամշակման, ինչի դիմաց դպրոցն ստանում է զուգարանի թուղթ, անձեռոցիկ», - ասաց Անանիա Շիրակացու ճեմարանի միջին դպրոցի արտաուսումնական մասի ղեկավար Տաթևիկ Արզումանյանը:
Բացի պարբերաբար կուտակվող թղթի հանձնումից, դպրոցում ժամանակ առ ժամանակ մակուլատուրայի հավաքման միջոցով իրականացվում են բազմապիսի բարեգործական ակցիաներ, որոնց մասնակցում են դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողները: Օրինակ, վերջերս 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտները հավաքել էին մեծ քանակությամբ մակուլատուրա, հանձնել այն վերամշակման և ստացված գումարն ուղղել էին բարեգործական նպատակով: